Մշակույթ



«Հույսի նավակ»-ի ընթացքում հնչեց ՀՀ Առաջին տիկնոջ հեղինակած երգը
20.02.2012
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հույսի նավակ» խորագրով մանկական բարեգործական համերգն այսօր կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգին ներկա էր ՀՀ Առաջին տիկին, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը: Այն նվիրված էր ուռուցքային հիվանդություններով երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:
«Այս հիմնադրամը տարիներ անց էնտուզիազմով ստեղծվեց: Ուժ եւ թափ ստացավ, երբ ֆոնդը գլխավորեց ՀՀ առաջին տիկինը: Այդքան բարություն  ունեցող եւ գործունյա կինն ամեն օր մի նոր նախաձեռնություն է ունենում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լեւոն Իգիթյանը:   Նրա խոսքով` հիվանդության բուժումը թանկ է, բայց կարեւորն այն է, որ բուժվող երեխաների քանակը մեծացել է: «Լավ ճանապարհ ենք բռնել եւ զգում ենք, թե ինչի ենք հասնում»,- ասաց նա:                       Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ գործունեություն ծավալող «Նվիրիր կյանք» հիմնադրամի ավանդական դարձած նախաձեռնությունն  ամեն տարի փետրվարին իրականացում է ի պաշտպանություն օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների, այս տարի արտասովոր է ոչ միայն յուրաքանչյուր երեխայի կատարած անձնական փոքրիկ նվիրատվությամբ (500 դրամ արժողության համերգի տոմսակ), այլեւ Ռիտա Սարգսյանի բացառիկ ընծայով: 
ՀՀ առաջին տիկինը անակնկալ էր պատրաստել երեխաների համար. ներկայացվեց մի նոր երգ, որի երաժշտության հեղինակը Ռիտա Սարգսյանն էր, իսկ խոսքինը` Ավետ Բարսեղյանը: Երգը կատարվեց մի խումբ մանուկների մասնակցությամբ, նվագակցեց` Առաջին տիկինը: Լրագրողների հետ զրույցի ընթացքում առաջին տիկինը ուրախությամբ նշեց, որ երգը բարի է, երջանիկ եւ հեքիաթային: «Երգը գրելիս հաշվի է առնվել, որ այն հեքիաթի նման ունենա լավ, բարի, երջանիկ ավարտ»,- ասաց Ռիտա Սարգսյանը:                     
Նա նաեւ նշեց, որ մի փոքր հուզվել է, քանի որ վերջին անգամ բեմում նվագել էր տասներեք տարեկանում:
   ...Եվ ինչպես երգում է ասվում` բաց ծովում օրորվող նավակն օգնության առագաստի շնորհիվ կկարողանա մանկան երազանքներն իրականություն դարձնել, եթե միասնություն ու սեր լինի: Եթե կարողանանք մի մեծ Արեւ դառնալ:




Հրայր Թովմասյանը կարծում է` մեծամասնական ընտրակարգը նպաստում է քաղաքական կայունությանը
12:17, 15 Փետրվար, 2012
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծամասնական ընտրական համակարգը նպաստում է խորհրդարանական կայուն մեծամասնության ձևավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ փետրվարի 15-ին խորհրդարանում ընթացող լսումների ժամանակ հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Դժվար է հիշել մի հարց, որ ավելի շատ քննարկվի մեր քաղաքական պատմության մեջ»,- նշեց նախարարը:
Թովմասյանը պնդում է, որ ընտրական համակարգերի հիմնական նպատակը խորհրդարանի ներկայացուցչական բնույթն ու գործունեության արդյունավետության ապահովումն է:
«Յուրաքանչյուր ընտրակարգն ինքը ևս ունի շատ տարբեր բնույթներ:
Սակայն մեկ բան ակնհայտ է՝ մեծամասնական համակարգն ապահովում է ավելի մեծ ներկայացուցչություն»,- նշեց նախարարը:
Այս առումով Թովմասյանն օրինակ բերեց Իտալիայի խորդարանը, որը հետպատերազմյան շրջանում ընտրվում էր լիովին համամասնական ընտրակարգով, որը սակայն չէր ապահովում քաղաքական կայունությունը, իսկ 1993 թ-ին ներմուծվեցին նաև մեծամասնական համակարգի տարրեր, ինչից հետո այդ երկրում հանդարտ կերպով իրար փոխարինել են չորս կառավարություններ: «Այս առումով մեծամասնական համակարգն ապահովում է քաղաքական կայունություն»,- շեշտեց Թովմասյանը:


Google-ում ուղղվել է «Ես սիրում եմ հայերին» թարգմանության սխալը
10:46, 20 Փետրվար, 2012
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին հայերի շրջանում մեծ զայրույթ էր առաջացրել աշխարհի խոշորագույն ինտերնետային ցանցերից մեկում` Google-ում տեղ գտած սխալը: Google-ի թարգմանչական բաժնում հայերեն տառերով գրելով «Ես սիրում եմ հայերին», անգլերեն թարգմանությամբ գրվում էր «Ես սիրում եմ Թուրքիան»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը: Հայկական Armenian Weekly ինտերնետային կայքի հաղորդմամբ, սխալն առաջինը հայտնաբերել էր Լիբանանում բնակվող հայ ակտիվիստ Սերուժ Բաղդասարյանը, ով անմիջապես այս մասին հաղորդել է իր հայ ծանոթներին: Կարճ ժամանակում այս թյուրիմացության մասին լուրը տարածվել էր աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերի շրջանում: Տարբեր սոցիալական ցանցերի  միջոցով հայերը, մտնելով  Google–ի որոնողական համակարգ, թյուրիամացության մասին հայտնել են կայքի ադմինիստրացիային: Փետրվարի 19-ի ուշ երեկոյան, շնորհիվ հայ ակտիվիստների ջանքերի, սխալն ուղղվել է:
 ԱՄՆ-ում բնակվող հայերը մեղադրել են Google, Apple և Microsoft ընկերություններին հակահայկական գործողություններ ծավալելու մեջ: 

Հայաստանում կնշվի Չարլզ Դիքենսի 200-ամյակը



verjinlurer.am
verjinlurer.am
Հայաստանում կնշեն համաշխարհային գրականության դասական Չարլզ Դիքենսի 200-ամյակը:
Ինչպես  հայտնում են Բրիտանական խորհրդի երեւանյան գրասենյակից, դեռ դեկտեմբերին, Dasaran.am-ի հետ համատեղ, շարադրությունների մրցույթ էր հայտարարվել` «Ի՞նչ կգրեր Չարլզ Դիքենսն այսօր»:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 25-ին` «Անի պլազա» հյուրանոցում (14.00): Փետրվարի 17-ին ժամը 17.00-ին Երեւանի Չեխովի անվան թիվ 4 դպրոցում  դպրոցականները («Քվանտ» վարժարան, Անանիա Շիրակացու անվան գիմնազիա, Տոլստոյի եւ Չեխովի անվան դպրոցներ) կմրցեն Դիքենսի ստեղծագործությունների իմացության ոլորտում: Ամբողջ տարվա ընթացքում Երեւանի եւ մարզերի դպրոցներում Չարլզ Դիկենսին նվիրված բաց դասեր կանցկացվեն: «Թումո» կենտրոնի հետ համատեղ փետրվարի 27-ից մարտի 1-ը կկազմակերպվի Դիքենսի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի ցուցադրություն:
Չարլզ Դիկենսը ծնվել է 1812թ. փետրվարի 7-ին Փորթսմութ քաղաքում: Հոր սնանկացումը եւ ծանր մանկությունը Դիքենսի մեջ խոր սեր են արթնացրել կարիքավորների եւ մերժվածների նկատմամբ: Դիքենսը աշխարհին պարգեւել է Օլիվեր Թվիսթի, Դեւիդ Քոփերֆիլդի, միսթր Փիքվիքի, Սեմ Ուելերի, Ալֆրեդ Ջինգլի եւ շատ այլ հերոսների կերպարներ: Եվ ոչ միայն. Հոլանդական «Douwe Egberts» ընկերությունը արտադրում է «Փիքվիք» թեյ, որի անվանումը ծագում է Չարլզ Դիqենսի «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը» ստեղծագործությունից:
20.02.2012

Հայաստանում է Ուրուգվայի «Կռունկ» երգչախումբը

     Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում երեկ կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ երևանյան գրասենյակի կազմակերպած Ուրուգվայի «Կռունկ» համույթի «Դեպի Հայրենիք» խորագրով համերգը: Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրվածդիվանագետներ, գիտության և մշակույթի ոլորտի գործիչներ, բազմաթիվ սփյուռքահայեր:  
    1993թ. հիմնադրված, 20-75 տարեկան 35 մարդուց բաղկացած «Կռունկ» երգչախումբը ղեկավարում է Ալվարո Հակոբյանը, ով հանդիսանում է նաև Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարը: Երգչախ
ումբը ելույթներ է ունեցել տարբեր երկրներում, սակայն առաջին անգամ է համերգներով հանդես գալիս Հայրենիքում: Երգչախմբի հյուրախաղերը մաս են կազմում Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների։

Շնորհակալություն հայտնելով խմբի բոլոր անդամներին և ղեկավար Ալվարո Հակոբյանին` հայ մշակույթի տարածման և զարգացման, հայապահպանության և ստեղծագործական բեղուն գործունեության համար նախարար Հ.Հակոբյանը «Կռունկ» համույթին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:
Հայրենիքում իր առաջին համերգի ընթացքում համույթը կատարեց շուրջ երկու տասնյակ հայկական ժողովրդական և աշուղական երգեր (Կոմիտաս, Վ.Տիգրանյան, Ա.Հեքիմյան, Թ.Ալթունյան, գուսան Շերամ, գուսան Աշոտ, գուսան Շահեն և այլն)։Հանդիսատեսի պահանջով և բուռն ծափողջյունների ներքո երգչախումբը ծրագրից դուրս կատարեց ևս մի քանի ստեղծագործություն: Առաջին հանդիպումից հուզված էին թե հանդիսատեսը, և թե երգչախմբի անդամները:
Ապրիլի 28-ին ՙԿռունկի՚ ևս մեկ համերգ տեղի կունենա Գյումրիի Արվեստների ակադեմիայի համերգասրահում:
Neonews.am

 Խնդրում եմ ձեզ բարի մարդիկ,չարի ձեռքը բռնեք պատերազմից առաջ,ոչ թե հետո

Հայոց ցեղասպանությունը շարունակվում է ծանրացած մնալ առաջադեմ աշխարհի խղճի վրա: Մոտ մեկ դար առաջ կատարված ցեղասպանությունը դեռ իր արդար լուծումը չի ստացել:Հայը կոտորվել է հենց նրա համար,որ հայ է և կոտորվել է 20-րդ դարում քարե Եվրոպայի և քարե Ասիայի աչքի առջև:
Այսօր Շիրակի մարզի Հոռոմ գյուղում հիմնվեց 1915 թվականի Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար`համայնքի ղեկավար Սարգիս Դավթյանի նախաձեռնությամբ: Խաչքարը օրհնվեց նույն գյուղի բնակիչ և քահանա Տեր Փավստոսի կողմից:Մեր թղթակցին տված հարցազրույցում Հոռոմի գյուղապետ պարոն Դավթյանը նշեց,որ էական չէ Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս,ցանկացած վայրում, որտեղ հայ է ապրում,մեր պարտքն է չմոռանալ հայոց ազգի այդ մեծ վիշտը և նմանօրինակ միջոցառումներով միշտ վառ պահել նրանց հիշատակը:Պարոն Դավթյանը ավելացրեց նաև, որ գյուղում նման հուշարձան հիմնելու ցանկությունը եղել է շատ վաղուց,սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել,բայց ահա այսօրվանից համայնքի բնակիչները ամեն տարի այս օրը կկարողանան հենց գյուղում իրենց պարտքը կատարել իրենց խղճի առջև
Նույն գյուղի դպրոցի ուսմասվար Կարինե Գալստյանը Ցեղասպանության մասին իր խոսքը սկսեց հետեւյալ կերպ.- « Այսօր ոգեկոչման օր է,ոչ սգալու, այսօր ես կփորձեմ արթուն պահել ձեր խիղճը,չնայած մեր խիղճը պատմության առջև մաքուր է»  Եվ վերջում հավելեց.-«Խնդրում եմ ձեզ բարի մարդիկ,չարի ձեռքը բռնեք պատերազմից առաջ,ոչ թե հետո»:
neonews.am

Comments